Թուրքիային բերում են որպես Հարավային Կովկասի «նայող», և դա արվում է նաև ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ. ԱԺ–ում լրագրողներին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը։
«Մեր տարածաշրջանի բալանսն ապահովող երկու երկրներն այսօր մխրճված են պատերազմական գործողություններում. Ռուսաստանը` Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը` Իսրայելի։ Եվ այս պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում ավտոմատ բարձրանում է։ Այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը և «հարց լուծող» սարքելը, բնականաբար, որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից»,– նշեց Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ` ՀՀ այսօրվա իշխանությունների ձեռքով Հայաստանն էլ իր ներդրումն է ունենում Թուրքիային տարածաշրջանում «նայող» դարձնելու գործում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրին մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի օրակարգին վերաբերող այլ հարցերն առ այս պահը գաղտնի են պահվում։
Մեկ օր առաջ` հունիսի 19-ին, Թուրքիա էր մեկնել նաև Ադրբեջանի նախագահը։